ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, Երեկ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնողն ակնհայտ ցույց տվեց, որ կիլոմետրերով հեռու է ինչպես պետականաշինությունից և պետական մտածողությունից, այնպես էլ՝ այդ պաշտոնին համարժեք տարրական գիտելիքներից:
Ընդհանրապես չարժեր սրանից հետո, որ մենք անդրադառնայինք այդ սուբյեկտի արտահայտած «մտքերին», բայց անհնար է: Ի՞նչ կապ ունի վարչական սահմանը պետական սահմանի հետ: Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանվում են համայնքների տարածքների ներքին սահմանները: Պետական սահմանն ունի իր բովանդակությունը և կառուցվածքը՝ անվտանգության գոտին, ենթակառուցվածքները, սպասարկող այլ կառույցներ, և այլն:
Պետական սահմանի բովանդակությունը կազմող տարածքները՝ այսպես կոչված բաժանարար գծերը պետք է նաև, իհարկե, ոչ միշտ, թելադրվեն տվյալ տարածքի ռելիեֆի բնական բնագծերով, օրինակ՝ գետեր, լեռներ, ձորակներ, և այլն (որտեղ որ դա հնարավոր է):
Կան պետություններ, որտեղ սահմանամերձ գոտիների հողերը չեն կարող օտարվել առանց, օրինակ, պաշտպանության նախարարության կամ հատուկ ծառայության համաձայնության: Ինչևէ: Եթե պետության առաջին դեմքը չի պատկերացնում, թե ինչ է պետական սահմանը, ո՞նց կարող է այն պաշտպանել: Այնպես որ՝ հերթական անգամ մի՛ տարածիր, մեղմ ասած, ապատեղեկատվություն»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը